+374 77 282 482
ararchoir@gmail.com

Performances:

«‎Երգչախումբը»‎

«Աշխարհի հոգին կազմավորվել է երաժշտության համաձայնությամբ» — Պլատոն

Երաժշտության մեջ արտացոլված է անհատի կենսառիթմը։ Երգչախումբը երաժշտության մեկնաբանման կատարյալ միջոց է, որով երաժշտության բազմազանության և անսահմանության մեջ հնարավոր է շոշափել ամենախորքային և նրփագույն շերտերը։ Երգչախումբը մարդկային ձայների խտությունն է, որի գունատեմբրային ներկապնակը կառուցվում է մարդկային հույզերի և բանականության անմիջական ներգործումով։ Երգչախմբային կատարումը առավելապես ուղղված է և հարաբերվում է մարդկային հոգու և ոգու հետ, որտեղ ունկնդիրը ասես մի անոթ լցվում է հնչյունի և բառի ձույլ հնչականությամբ, որի մասին Նիցշեն ասում է․«․․․ես դիմում եմ լոկ նրանց, ովքեր երաժշտության հետ անմիջական հարազատությամբ՝ նրա մեջ ասես իրենց մայրական գիրկն ունեն և իրերի հետ գրեթե լոկ երաժշտության անգիտակցական միջնորդությամբ են կապի մեջ մտնում»։
Երգչախումբ — բազում ձայներ ուղղված մեր զույգ ունկերին, միևնույն ժամանակ խորհրդավոր և կարծես մեզանից քողարկելով մի այլ իրականություն և ընդգրկելով լռության և բազմաձայնության շերտերը, որոնք հենց իր մեջ են զատորոշվում և ի մի գալիս։ Իհարկե պետք է նկատի ունենալ որ երգչախմբի ժանրաոճական բազմազանության մեջ շատ հաճախ կորչում է երգչախմբի երաժշտական ներքին կառույցը, քանզի երգչախումբը կարող ենք դիտարկել որպես ճարտարապետական մի կառույց` դիցուք տաճար, որտեղ իր փիլիսոփայությունից բխելով պետք է կառուցվի միջավայրը, որի կառուցման կերպը կարող է ձևակերպվել Պտղոմեոսյան՝ «Մեր հոգիները գտնվում են ուղիղ հարաբերության մեջ մեղեդու էներգիաների հետ, ասես ճանաչելով սեփական պարունակության հարաբերությունների հարազատությունը եւ ձեւ տալով այս կամ այն շարժումներին, որ հատուկ է երգեցողության սեփական շարժուն կառուցվածքին»:
Թերևս երաժշտության բյուրեղացումը դա միաձայնությունն է, որից սկիզբ է առնում և դեպի որն էլ վերադառնում է մետաֆիզիկական այդ աշխարհի պտույտը, իսկ երգչախումբը արտացոլումն է միաձայնության ներքին կառույցի և իր հերթին այն մի տեղ վերադառնում է իր մայրական՝ միաձայնության գիրկը։

Երգչախումբը մարդկային մշակույթի բարձրագույն ձեռքբերումներից մեկն է, որն ունի բազում կենսական գործառույթներ․ առանձնացնենք դրանցից մի քանիսը, որոնք հատկապես կարևոր են 21-րդ դարի մարդու, հասարակության և պետության համար․
Ա․Երգչախումբը՝ երաժշտության միջոցով ինքնադրսևորման մի բացառիկ միջավայր է մարդու համար, որտեղ մարդ՝ երաժշտության (մշակույթի) «սպառողից» վերածվում է «արտադրողի», որն էլ իր հերթին բերում է մշակույթի ընկալման և հաղորդակցման նոր որակ։
Բ․Երգչախումբը ձևավորում է սոցիալական ինքնատիպ միջավայր, որտեղ մարդ-մարդ հարաբերությունները կառուցվում են խմբային զգացողությունների, ներդաշնակության, հուզականության, մեկնաբանման, բանականության և բազում այլ գործոններց, որոնք այսօր մարդկության մեծագույն խնդիրներից մեկի՝ մարդու վիրտուալ օտարվածության (համացանց իր բոլոր դրսևորումներով, հեռուստատեսություն․․․) հակազդման և փրկագործող խորքյին միջոց են։
Գ․Երգչախումբը լինելով երաժշտության մեկնաբանման կարևորագույն և միևնույն ժամանակ բացառիկ միջոցներից մեկը՝ իր մեջ կրում է պետականության պահպանման, հզորացման և նորոգման «քողարկված» դեր․երգչախումբը գեղարվեստական բարձր դրսևորմամբ է կատարում պետության (կամ որևէ պետական հաստատության) օրհներգը։ Երգչախումբը կարևորագույն մասն է կազմում քրիստոնեական պատարագի ծիսակատարության։ Երգչախմբային բազմաձայն երգեցողությունը այս ամենի մոնումենտալ դրսևորումն է։
Եվ այս ամենը այն անխառն համոզմամբ, որ «երաժշտությունը վեհացնում է, այն աստվածային է և ստիպում է նախազգալ»։

Գոռ Մելքումյան

 

Contact:

hyAM