+374 77 282 482
ararchoir@gmail.com

Գոռ Մելքումյան

Գոռ Մելքումյանը ԱՐԱՐ երգչախմբի հիմնադիր ղեկավարն է, երաժիշտ, դիրիժոր, ով գտնում է, որ «գոյություն ունի երաժշտության հետ հարաբերության մի սահման, որից սկսվում է զուգահեռ աշխարհի տեսունակությունը, և երաժիշտը այլևս փիլիսոփա է․․․»։ Նա ծնվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1993 թվականին։ Երաժշտական նախնական կրթությունը ստացել է Ա. Տերտերյանի անվան երաժշտական դպրոցի ժողովրդական նվագարանների, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ժողովրդական նվագարանների և Ռ. Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցի փողային նվագարանների բաժիններում։ Ժողովրդական փողային գործիքներ է նվագել Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախմբում, եղել է նվագախմբի մենակատար։ 2011-2013թթ․ նվագել է “Van project” նվագախմբում, նվագել՝ «Սասուն» ազգագրական երգի- պարի համույթում և մի շարք այլ նվագախմբերում։ 2013թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի «Գեղարվեստական կրթություն» բաժինը։ 2010-2013թթ. եղել է ազատ ունկնդիր ԵՊՀ բանասիրության դասախոսություններին:2012թ.-ից զբաղվում է բանահավաքությամբ ՀՀ մարզերում, նյութերը արխիվացվում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում։ Մասնակցել է մշակութային հետազոտությունների Թուրքիայում: 2013-2015թթ. անցել է պարտադիր ժամկետային զինծառայություն։ 2014թ. Ղազախստանում մասնակցել է ՀԱՊԿ զորավարժություններին։ 2013-2015թթ․ հիմնադրել և ղեկավարել է Տավուշի մարզի Կողբ և Բերդավան գյուղերի երաժշտական դպրոցների երգչախմբերը։

2014թ․ հիմնադրել և առ այսօր հանդիսանում է «ԱՐԱՐ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ ՀԿ-ի Նախագահ։ 2015թ.-ից հանդիսանում է «ԱՐԱՐէ» հայագիտական հիմնադրամի խորհրդի անդամ: 2018թ․ ստացել է Երևանի պետական կոնսերվատորիայի խմբավարության բաժնի բակալավրի աստիճան, իսկ 2020թ.՝ նույնանուն բաժնի մագիստրոսի աստիճան։ 2016-2017թթ․ ղեկավարել է «Գանձեր» երկսեռ երգչախումբը։ Հանդիսանում է «Հայ երգչախմբային դիրիժորների» ասոցիացիայի անդամ։ Համերգներով հանդես է եկել ԱՄՆ, Եվրոպայի, Ռուսաստանի և Ասիայի մի շարք քաղաքներում։ «Անդին» ամսագրի 1.01.2015 թ. I համարում հրապարակել է ազգային գաղափարաբանության թեմայով հոդված՝ «Մեր անվճար փրկության փրկագինը»: 2020թ․ կազմել և հրատարակել է պարսկահայ խմբավար-երգահան Ժօրա Մինասեանի «Ռոմանսներ» ժողովածուն։ 2021թ․ Հայաստանում առաջին անգամ համերգով ներկայացրել է Ֆրիդրիխ Նիցշեյի երաժշտական ստեղծագործությունները։ Ֆրիդրիխ Նիցշեի երկերի 5/2 հատորում հրատարակվել է «Ֆր․ Նիցշեն՝ մարմնավորյալ երաժշտություն» հոդվածը։ 2018-2021թթ․ աշխատել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիա» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն։ 2021թ․ Ժամանակակից արվեստի ինտիտուտի կողմից իրականացվող «Կոմիտաս․ Հողը և երգը» ծրագրում ղեկավարել է Գյուլագարակ համայնքում կազմված երգչախումբը։ 2021թ․-ից կատարում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիա» ՀՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները։

hyAM