+374 77 282 482
ararchoir@gmail.com

Կենսագրություն

ԱՐԱՐ երգչախումբը հիմնադրվել է դիրիժոր Գոռ Մելքումյանի կողմից 2012 թ., Երևանում։ Երգչախումբը հանդես է գալիս իգական և երկսեռ կազմերով։ Երգչախմբի երգացանկը ընդգրկում է բազմաոճ ստեղծագործություններ, որոնք կատարվում են ավելի քան տասը օտար լեզուներով։ Երգչախումբը համագործակցում է hայ և օտարազգի ժամանակակից կոմպոզիտորների հետ, hանդես է գալիս ինքնուրույն համերգային գործունեությամբ և միևնույն ժամանակ համագործակցում բազում կազմակերպությունների և անհատների հետ։ 2013թ. երգչախումբը թողարկել է իր առաջին ձայնասկավառակը։ 2013-2015թթ. ԱՐԱՐ երգչախմբի ջանքերով հիմնադրվել են Տավուշի մարզի Կողբ և Բերդավան գյուղերի երաժշտական դպրոցների երգչախմբերը։ Երգչախմբի խմբերգերը տեղ են գտել “Treasures of Music: Armenia” ձայնասկավառակում` թողարկված 2017թ.-ին։ Երգչախումբը կարևորում և հանդես է գալիս նշանակալի իրադարձություններին և հոբելյանական միջոցառումներին։ 2018թ.-ից մասնակցում է երգչախմբային արվեստի միջազգային օրվան նվիրված համերգներին։ 2019թ. ԱՐԱՐ երգչախումբը հանդես է եկել համերգային ծրագրով Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը։

2020թ․ երգչախմբի կողմից հրատարակվել է պարսկահայ խմբավար-երգահան Ժօրա Մինասեանի «Ռոմանսներ» ժողովածուն։
Երգչախմբի առանձնակի կարևոր նախագծերից է փիլիսոփա-երաժիշտներին նվիրված համերգ-դասախոսությունները, որոնցից է 2021թ. Հայաստանում առաջին անգամ կայացած «Ֆրիդրիխ Նիցշեն՝ մարմնավորյալ երաժշտություն» նախագիծը։ 2021թ. ԱՐԱՐ երգչախումբը հանդես է եկել ժամանակակից կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի 70-ամյա հոբելյանին նվիրված համերգին։ 2021թ. արժանացել է «Խաղաղություն աշխարհին» երգչախմբային միջազգային փառատոնի (World Peace Choral Festival 2021) «Ոսկե մրցանակ»-ին (Gold Award)։ 2021-2022թթ․ երգչախմբի ղեկավար և դիրիժոր Գոռ Մելքումյանը և ԱՐԱՐ երգչախւմբը մասնակցել են Ժամանակակից արվեստի ինստիտուտի կողմից իրականացված «Կոմիտաս․ Հողը և Երգը» նախագծին։ 2022թ. ԱՐԱՐ երգչախումբը արժանացել է հոգևոր երաժշտության “SILVER BELLS” միջազգային փառատոնի երկրորդ մրցանակին։ 2022թ. Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղադրվեց ԱՐԱՐ երգչախմբի ձայնադարանը` նվիրված պոետի 125-ամյակին։ 2022թ․ երգչախումբը կազմակերպել և հանդես է եկել համերգային ծրագրով՝ նվիրված հայ նշանավոր քանդակագործ Արա Սարգսյանի 120-ամյա հոբելյանին։ 2022թ․ երգչախումբը հանդես է եկել Հայաստանի ազգային գրադարանի կողմից իրականացված Հայ գրատպության 510-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին։
Այս տասը տարիների ընթացքում երգչախումբը ձևավորել է իր ինքնուրույն փիլիսոփայությունը, որտեղ ստեղծագործությունների ընտրությունը, պատմական և խորքային նախագծերի մշակումն ու իրականացումը, մեկնաբանումները և բարձրորակ ունկնդրի ձևավորումը առաջնային կարևորության խնդիրներն են։

hyAM